Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վերժինե Սվազլյան-90. մեր ազգի պատմական հիշողության ու բանավոր մշակույթի պահապանը

Վերժինե Սվազլյան-90. մեր ազգի պատմական հիշողության ու բանավոր մշակույթի պահապանը
01.03.2024 | 17:11

Վերժինե՛, աղջիկս,

Կուզեմ լինես դու խելացի,

Աշխատանքով, վարքով բարի,

Պատիվ բերես քո ծնողքին,

Եվ քո ազգին, հայրենիքին:

Սա եղել է ականավոր ցեղասպանագետ, բանահավաք, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հայրիկի` երգիպտահայ գրող, ծաղրանկարիչ, հրապարակախոս ազգային-հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի պատգամը դստերը, որը նա սրբազան պատգամի պես պահել է ամբողջ կյանքում։ Նա ասես, ծնվել էր ի վերուստ իրեն վերապահված կարևոր առաքելությամբ։ Նա դառնալու էր բացառիկ գիտնական՝ Հայ ազգի պատմական հիշողության պահապանն ու փոխանցողը աշխարհին ու մեր ապագայի սերունդներին:

Վերժինե Սվազլյանը մեծ նվիրումով այդ ազգանպաստ գործն իրականացնել սկսել է ուսանողական տարիներից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը դեռ չավարտած. 1955 թվականից սկսած Վերժինե Սվազլյանը ոտքով շրջել է թաղից թաղ, գյուղից գյուղ, ապա նաև երկրե երկիր՝ Սփյուռքի գաղթօջախներով և Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատեսների առաջին սերնդից գրի առել, ձայնագրել ու տեսագրել նրանց հաղորդած փաստավավերագրական վկայությունները: Այսօր դրանք ունեն իրավաքաղաքական մեծ արժեք և մեզ ու մեր սերունդներին օգնելու են պատմական արդարության համար պայքարում:

Շուրջ վեց տասնամյակ տևած այդ տքնաջան աշխատանքի ու նվիրումի արդյունքը նրա՝ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ կոթողային աշխատությունն է, որում ներկայացված են հայերից զավթված երկրի 150 տեղավայրերից բռնի տարագրված և աշխարհով մեկ սփռված ականատեսների վկայություններ, որոնք հասնում են 700 միավորի։

Նրա նորանոր վկայություններով համալրված «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2011 թ., հայերեն և անգլերեն, իսկ թուրքերենը՝ 2013 թ., Ստամբուլ) ծավալուն ուսումնասիրություն և բազմաբնույթ տեղեկատվական ցուցիչներ ու ծանոթագրություններ պարունակող, պատմաքաղաքական բացառիկ արժեք ներկայացնող ստվարածավալ եռալեզու հատորները լույս են տեսել ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ։

Ամեն պատեհ առիթով պետք է նշել, որ, եթե երբևէ որևէ հայ ռեժիսոր փորձի Հայոց ցեղասպանությանը նվիրված ծանրակշիռ, պատմության մեջ մնայուն փաստավավերագրական ֆիլմ ստեղծել, ապա Վերժինե Սվազլյանի՝ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» կոթողային աշխատությունը, ինչպես նաև նրա կատարած հարյուրավոր ձայնագրություններն ու տեսագրությունները դրա համար ամենաամուր հենքն են հանդիսանալու, որով արժանին կմատուցվի մեր սրբադասված նահատակների հիշատակին, ովքեր ընկան վասն հավատո և վասն հայրենյաց:

Վերժինե Սվազլյանի հսկա գիտական ժառանգությունն արտացոլված է նաև մի քանի տասնյակի հասնող մյուս աշխատություններում, որոնց միջոցով պահպանել ու սերունդներին է փոխանցել պատմական Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ստեղծված մեր բանավոր մշակույթը. Հայոց ցեղասպանության պատճառով անհետացել են արևմտահայերենի բազմաթիվ բարբառներ, այլևս մեր կողքին չեն դրանք կրող մեր ազգակիցները: Սակայն գիտնականի շնորհիվ փրկվել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և բազմաթվ բնակավայրերի հայության բանավոր մշակույթը՝ զանազան բարբառներով հորինված տարաբնույթ նշխարները… այդ հոգևոր ժառանգությունը պահպանվել է նրա աշխատություններում, որոնք ներկայիս ու ապագա բարբառագետների համար հարուստ գանձարան ու ազգային արժեք են:

Այսօր` մարտի 1-ին, Վերժինե հայ ազգի ազնվազարմ դստեր ծննդյան տարեդարձն է: Եվ Վերժինե Սվազլյանի միտքն այսօր էլ լի է իր ազգին ու հայրենիքին ծառայելու գաղափարներով:

Անցյալ տարի գիտական շրջանակներում ներկայացվեց ու սերունդների սեղանին դրվեց Վերժինե Սվազլյանի հերթական` ստվարածավալ հատորը։

Վաստակաշատ գիտնականի տասնամյակներ տևած աշխատանքների արդյունքում ծնունդ առավ ևս մի կոթողային աշխատություն՝ թվով 30-րդ գիրքը, որի խորագիրն է «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» (Երևան, 2021, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ, 904 էջ)՝ հայերեն և անգլերեն: Սա հույժ կարևոր ու արդիական աշխատություն է, որը գիտական արժեքից բացի ունի նաև ազգային գաղափարախոսական նշանակություն:

Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» աշխատությունը բացվում է խմբագրի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի խոսքով, որը դառնում է բանալի՝ այս աշխատության արժեքը և մատուցված հսկայական նյութը ըմբռնելու, հասկանալու համար.

«…Սույն գիտական աշխատությունը մինչ օրս հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որը նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարևոր ու բացառիկ արժեք է ներկայացնում»:

Ի՞նչ ճանապարհ անցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: Ինչպե՞ս փոխվեց նրանց սերունդների աշխարհընկալումը և հոգեկերտվածքը պատմական մի ամբողջ ժամանակաշրջանի հոլովույթում: Ի՞նչ հոգևոր-մշակութային մարտահրավերների առաջ են կանգնած այսօրվա և վաղվա ամերիկահայ սերունդները, մանավանդ մեր ժամանակների համաշխարհայնացման պրոցեսների պայմաններում: Այս հարցերի պատասխանները տարիներ շարունակ փնտրել և գտել է Վերժինե Սվազլյանն իր վերոնշյալ աշխատության միջոցով:

Այն փաստավավերագրական մեծ արժեք ունի, քանի որ բանասացներն իրենք են պատմել իրենց նախնիների կրած տառապանքների, պատմական հիշողության, արմատների, իրենց սերունդների այսօրվա քաղաքական ու մշակութային կյանքի, իրենց մտորումների մասին:

Վերժինե Սվազլյանի գիրքը բացվում է ԱՄՆ-ում հայերի տեղաբաշխվածության քարտեզով (կազմող՝ Հ.Գ. Սարգսյան)՝ ամենախոշոր նահանգներից մինչև ամենափոքր քաղաքներ: Աշխատությունն ընդգրկում է «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» (հայերեն ու անգլերեն) և «Սկզբնաղբյուրներ» բաժինները, որոնք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ԱՄՆ գաղթած ավագ, նաև՝ հետագա սերունդներից գիտնականի 5 ուղևորությունների ընթացքում (1979-2008 թթ.) գրի առած և կորստից փրկած 1165 միավոր պատմական, բանահյուսական, ազգագրական նյութերն են:

«Երկիր մոլորակի վրա ժամանակների ընթացքում կատարվում են պատմական, քաղաքական և մշակութային անկանխատեսելի փոփոխություններ, հետևաբար բազմաէթնիկ համակեցության նոր միջավայրի հանգամանքների ներքո անհատն ինքնըստինքյան դառնում է բազմաինքնության տեր՝ գլոբալացված անհատ: Հակառակ ամերիկահայ համայնքի գործադրած ամենօրյա ճիգ ու ջանքերի, սերնդից սերունդ փոփոխության է ենթարկվում նրանց ազգային ինքնությունը, լեզվամտածողությունն ու հոգեգիտակցական աշխարհը»,-ասում է գիտնականը։

Սփյուռքը Հայոց ցեղասպանության հետևանքն է` որպես պատմական իրողություն։ Եվ Վերժինե Սվազլյանի համար նվիրական գաղափար ու իղձ է, որ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդները համախմբվեն Հայրենիքի շուրջ, և մենք կարողանանք պայքարել մեր պատմական անժամանցելի իրավունքների, մեր պատմական արդարությանը հասնելու, վերագտնելու համար։

Վերժինե Սվազլյանի մասին խոսելիս հարկ չկա հիշատակել նրա ստացած բազում մեդալներն ու կոչումները, քանզի նրա ամենամեծ կոչումը նա ժառանգել է իր հորից և պապից՝ ազգային-քաղաքական գործիչ Միհրան Սվազլից.

-Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է:

Իր մեծ նախորդներից ստացած այս պատգամը Վերժինե Սվազլյանը դարձրել է կյանքի բանաձև. բանաձև, որի վրա շարունակում է խարսխվել Սվազլյան-գերդաստանի հավատամքը:

Նոր սերնդի երախագիտությամբ, ուզում եմ խոնարհվել Ձեր վիթխարի ժառանգության առաջ, Մեծ Հայուհի։ Ձեր աշխատությունները մեզ համար լինելու են այն փարոսը, որ մեր մեջ շարունակենք կրել մեր Պատմական Հայրենիքի պատկերը ու լինել ամբողջական հայը, որից սկիզբ է առնելու մեր Հայրենիքը վերականգնելու դժվարին երկարատև, սակայն, անվախճան ուղին: Մեր պայքարն ավարտված չէ:

Շնորհակալություն Ձեզ, մեր ազգի պատմական հիշողության ու բանավոր մշակույթի պահապան մեծ Հայուհի և, ինչպես Ձեզ իրավամբ 2008 թվականին բնորոշել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտը՝

21-րդ դարի Մեծագույն Միտք…

Շնորհավորում ենք Ձեր տարեդարձը։

Մաղթում ենք Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք:

Ապրեցե՛ք երկար ու շարունակեք Ձեր ներկայությամբ պատվել բոլորիս: Մենք երիցս բախտավոր սերունդ ենք` Ձեր ժամանակակիցը լինելու համար:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ հայրիկիս` Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ արխիվից

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ